25/10/2021 19:10
Էրդողանին հիշեցրել են իր «սորոսական անցյալի» մասին և ուշագրավ լուսանկարներ հրապարակել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել են «Բաց հասարակություն» կազմակերպության հիմնադիր, միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ ջերմ հարաբերությունների մասին, գրել է ermenihaber.am-ը։
Էրդողանին իր «սորոսական անցյալի» մասին «հիշեցրել» է թուրք լրագրող Բարըշ Փեհլիվանը՝ այն բանից հետո, երբ Էրդողանը «սահմանադրական կարգը տապալելու» և «լրտեսության» մեջ մեղադրվող, 4 տարի կալանքի տակ գտնվող հասարակական գործիչ Օսման Քավալային անվանել էր «Սորոսի մնացուկ», «Թուրքիայում Սորոսի մասնաճյուղ»։
Լրագրողը հրապարակել է Էրդողանի և Սորոսի համատեղ լուսանկարները:
Դրանցից մեկն արվել է 2003 թվականին՝ Դավոսում հանդիպման ժամանակ, մյուս 2 լուսանկարներն արվել են 2005 թվականին՝ Դավոսում և Անկարայում: Լրագրողն ընդգծել է, որ այս հանդիպումների մասին հանրության քիչ բան է հայտնի:
Լուսանկարներում Էրդողանի և Սորոսի կողքին երևում են Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Քեմալ Ունաքըթանը, այդ պաշտոնը այլ ժամանակահատվածում ստանձնած, իսկ այժմ ընդդիմադիր գործիչ Ալի Բաբաջանը, ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը, ֆինանսների նախկին փոխնախարար Աբդուլլաթիֆ Շեները: