25/10/2021 15:07
Անտառային հրդեհներ առաջացնելու կասկածանքով Թուրքիայում ձերբակալել են ռուս զբոսաշրջիկների
Թուրքիայում բերման են ենթարկել, ապա՝ ձերբակալել 7 ռուս զբոսաշրջիկի՝ անտառում անզգուշաբար հրդեհ առաջացնելու կասկածով, «Ռիա Նովոստիին» հայտնել են Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Չաղլարջա շրջանում, որտեղ զբոսաշրջիկներն արշավի են եղել։ Թուրք իրավապահները հարցաքննել են ռուս զբոսաշրջիկներին, ապա՝ բերման ենթարկել նրանց։
Նույն օրը գլխավոր հյուպատոսարանից այցելել են ոստիկանական բաժանմունք՝ պարզելու տեղի ունեցածի հանգամանքները։ Ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը հանդիպել է նաև բերման ենթարկվածների հետ։
Կիրակի կայացած դատական նիստում որոշում է ընդունվել մինչև նախաքննության ավարտը կալանքի տակ պահել զբոսաշրջիկներին։
Հյուպատոսությունից հարցում են ուղարկել տեղական իշխանություններին՝ պահանջելով տրամադրել գործի նյութերն ու հնարավորություն տալ տեսակցել ձերբակալվածներին։