25/10/2021 15:58
Վաղ է մեկնաբանել դեսպաններին արտաքսելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ 10 երկրի դեսպաններին Թուրքիայի կողմից անցանկալի անձ հայտարարելու որոշման շրջանակում դեռ ոչ մի գործողություն չի իրականացվել, ուստի դեռ վաղ է մեկնաբանել Թուրքիայի որոշումն ու հարկավոր է սպասել Անկարայի և նշված երկրների միջև բանակցությունների արդյունքներին։ Այս հայտարարությունը Ստոլտենբերգն արել է Հելսինկիում՝ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ ճեպազրույցի ժամանակ։
«Մենք դեռ չգիտենք, թե Թուրքիայի և ներգրավված երկրների միջև շփումներն ինչ արդյունքի են հանգեցրել, ուստի վաղ է խոսել այդ մասին», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ այս առնչությամբ դեռ ոչ մի միջոց չի ձեռնարկվել, հարկավոր է սպասել երկրների միջև բանակցությունների արդյունքներին։
Ինչպես հայտնի է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի ԱԳՆ-ին հանձնարարել է պերսոնա նոն գրատա ճանաչել այն 10 երկրի դեսպաններին, որոնք հայտարարություններով էին հանդես եկել իրավապաշտպան Օսման Քավալայի գործով դատական գործընթացի վերաբերյալ։
Նա, մասնավորապես, քննադատել էր ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի դեսպաններին՝ հայտարարելով, որ նրանք միջամտում են Թուրքիայի դատական գործերին։ Նշված երկրների դեպաններն, ըստ թուրքական լրատվամիջոցների, կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ պարզաբանումների։