25/10/2021 18:10
ՀՀ բյուջեով հնարավոր էր ռազմական ծախսերն ավելի մեծացնել՝ ի հաշիվ տասներորդական նշանակության ասֆալտապատումների. Կարեն Հովհաննիսյան
Պատերազմից հետո պաշտպանական ծախսերը 11%-ով ավելացնելն իրականում բավարար չէ. պետության կողմից շատ ավելի մեծ ծախսեր պետք է նախատեսվեին։ ՀՀ բյուջեով հնարավոր էր ռազմական ծախսերն ավելի մեծացնել՝ ի հաշվի տարատեսակ մանր-մունր, տասներորդական նշանակության ծախսերի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում վստահություն հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վաչապետի այն հայտարարությանը, թե 2022 թվականին նախատեսվում է պաշտպանական ծախսերն ավելացնել ավելի քան 345 մլրդ դրամով։
«Պետական բյուջեով իրատեսակն է ավելի մեծ հատկացում կատարել, բայց դա հնարավոր է այլ ծախսերի կրճատման հաշվին։ Հետպատերազմյան երկրում պարտադիր չէ, օրինակ, լայն թափով ճանապարհաշինություն կամ ասֆալտաշինություն իրականացնել, այն դեպքում, երբ առաջնագծում, նոր բնագծերում և դիրքերում կահավորում չի իրականացվել։ Այսինքն՝ սրանք համադրելի գործողություններ չեն և հասկանալի էլ չեն»,- ասաց փորձագետը։
Կարեն Հովհաննիսյանը շեշտեց՝ պետությունը պետք է առաջնահերթություններ սահմանի՝ կարևորությունը նախևառաջ տալով Զինված ուժերին։
«Առաջնահերթությունները պետք է սահմանվեին հենց պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո, ընդ որում՝ ոչ թե 11 տոկոսով ավելացումների կամ զուտ հայտարարությունների տեսքով, այլ՝ գործնականում։ Այլապես եկավ մի պահ, երբ մենք հասկացանք, որ հարկավոր է Կապան-Գորիս որոշակի հատվածը շրջանցող ճանապարհ ունենալ։ Այդ ճանապարհն իրականում կարելի էր կառուցել միջհամայնքային կամ համայնքային ասֆալտապատումների փոխարեն։ Այսինքն՝ առկա խնդիրը կարելի էր ավելի վաղ կանխատեսել, ինչը, սակայն, չի արվել», - ամփոփեց Կարեն Հովհաննիսյանը։