26/10/2021 18:42
Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման ողջ պատասխանատվությունը դուք եք կրելու, տիկի՛ն․ փաստաբանը՝ առողջապահության նախարարին
«Արմեն Չարչյանի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև 2021 թվականի նոյեմբերի 22-ը»,- հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանն ընդգծել է, որ մինչ օրս չի ստեղծվել բժշկական հանձնաժողով, որը եզրակացություն կտա վաստակաշատ բժիշկ, պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի վերաբերյալ։
«Հարկ եմ համարում տեղեկացնել հասարակությանը, որ դատարանի կողմից դատաբժշկական փորձաքննություն նշանակելուց հետո արդեն ուղիղ մեկ ամիս է անցել, սակայն մինչ օրս ոչ միայն եզրակացություն առկա չէ, այլև նույնիսկ համապատասխան հանձնաժողով ստեղծված չէ, որը պետք է կատարի փորձաքննությունը։ Այսինքն՝ փաստացի մեկ ամիս իրավասու մարմինն անգործություն է ցուցաբերում, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր հերթին ոչ մի կերպ դրան չի արձագանքում։
Ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ իշխանություններն ունեն նպատակ՝ պրոֆեսորին ամեն գնով երկար պահել բանտում, ինչը պարզապես իրավական նիհիլիզմի տարր է իր մեջ պարունակում:
Հորդորում եմ ՀՀ առողջապահության նախարարին՝ հրատապ պատասխանել դատարանի գրությանը և կազմակերպել բժշկական հանձնաժողովի ստեղծումը: Հակառակ պարագայում պարոն Չարչյանի համար անդառնալի հետևանքների առաջացման ողջ պատասխանատվությունը դուք եք կրելու, տիկի՛ն», - գրել է փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում։