27/10/2021 15:34
Ընդդիմությունը պնդում է՝ պետք է գնալ դատարաններում մի շարք խնդիրների հետքերով, իշխանությունն էլ հակադարձում է՝ դա միջամտություն է դատական իշխանությանը
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Դատական օրենսգրքով՝ եթե համակարգչային ծրագրի հետ ինչ-որ մի բան լինում է, Բարձրագույն դատական խորհուրդը կատարման համար պարտադիր ենթակա ցուցումներ է տալիս Դատական դեպարտամենտին:
Նրա խոսքով՝ այնպես է ստացվել, որ այնպիսի դատավորների նկատմամբ են կարգապահական վարույթներ հարուցվում, ինչպիսիք են Ալեքսանդր Ազարյանը, Սերգեյ Մարաբյանը:
«Օրինակ, հանրության կողմից շատ լավ ճանաչված Մնացական Մարտիրոսյանը, որի վերաբերյալ Վահագն Հովակիմյանը շատ հետաքրքիր գնահատականներ էր հնչեցնում, թե ոնց է դիպլոմ ստացել, իր նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվում, Գագիկ Պողոսյանի նկատմամբ, օրինակ, չի հարուցվում, Արմեն Դանիելյանի նկատմամբ չի հարուցվում, Մհեր Արմաղանյանի նկատմամբ չի հարուցվում: Հիմա, այս քննիչ հանձնաժողովում ուզում ենք իմանալ՝ լավ, այդ ո՞նց է ստացվում, որ այդ դատավորները այդպես փայլում են, արդարադատության աքսակալներն են կամ ինչերն են, որ վարույթ չի հարուցվում, բայց այն դատավորների նկատմամբ, ովքեր տարիներ շարունակ փաստաբանների կողմից գնահատվում են որպես լավագույն դատավորներ, իրենց նկատմամբ հարուցվում է, լավ, ո՞րն է այդ բանաձևը», - ասաց Վարդևանյանը:
ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը Վարդևանյանից հետաքրքրվեց՝ համակարգչային ծագիրն ունի՞ հանրային հնչեղություն, որը պետք է Ազգային ժողովը քննի:
Արամ Վարդևանյանն էլ արձագանքեց, որ այսօր Հայաստանում թե քաղաքացիական գործերի, թե քրեական գործերի համակարգչի միջոցով մակագրման գործընթացը չի գործում:
«Չի գործում 2021 թվականի հուլիս ամսից, այս հարցն իր մեջ ունի մարդկանց վերաբերող հարց», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ խոսքը գնում է հազարավոր մարդկանց մասին:
Նրա խոսքով՝ սա հանրային հետաքրքրության մասով բավականաչափ լուրջ հարց է:
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, թե եթե այս նախագիծն ինքը դներ շրջանառության մեջ, ընդդիմադիրները կասեին, որ սա աշխարհի ամենահակասահմանադրական նախագիծն է:
«Եթե դուք նման նախաձեռնություն ներկայացրած լինեիք, ես կողմ կքվեարկի, կողջունեի ու կպաշտպանեի իմ ելույթով, բայց դուք նույնիսկ մինչ օրս հարցադրում չեք բարձրացրել այս խնդրի վերաբերյալ», - արձագանքեց Արամ Վարդևանյանը:
Վլադիմիր Վարդանյանը պնդեց՝ սա Ազգային ժողովի իրավասության ոլորտից դուրս է ու ակնհայտորեն միջամտություն է դատական իշխանությանը: