27/10/2021 17:43
ՀՀ նախագահը և արտգործնախարարը մանրամասն տեղեկացված են եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթին և դրա ձևավորման ընթացքին. Արարատ Միրզոյան
Ողջամիտ կասկած կա առ այն, որ մեզ համար կենսական զիջումներ պարունակող մի փաստաթուղթ է պատրաստվում, իսկ դրա բովանդակության մասին կարող ենք իմանալ միայն ստորագրումից հետո, ԱԺ-ում կառավարությանը հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։
Պատասխանելով նրան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց, թե ՀՀ-ն իր բոլոր բանակցություններում և հանդիպումներում առաջնորդվում է ՀՀ և Արցախի շահերի պաշտպանության հանձնառությամբ և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն կառուցելու մոտիվացիայով։
«Մեր բոլոր բանակցություններում ցուցաբերվող մոտեցումները 100 տոկոսով համահունչ են այն մոտեցումներին, որոնք մենք հայտնում ենք հրապարակավ։ Այս իմաստով որևէ անակնկալ կամ գաղտնիք չի կարող լինել», - ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին տեղյակ չեն ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ էլ արտաքին գործերի նախարարը, Արարատ Միրզոյանը հայտարարեց.
«Ձեր կողմից նշված, նաև՝ չնշված բազմաթիվ գերատեսչություններ մանրամասն տեղեկացված են եղել փաստաթղթին և դրա ձևավորման ընթացքին»։
Միրզոյանն ասաց նաև, թե առաջիկա նոյմբերի 9-ի շուրջ այն բովանդակությամբ և այն փաստաթղթերը, որոնք շրջանառվել են մամուլում, այդպիսի քննարկում չկա, առաջարկներ չկան, փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։
«Կան բազմաթիվ այլ հանդիպումների առաջարկներ, որոնց արդյունքով արդյունավետ, հաջող ընթացքի դեպքում կարող է լինել համատեղ հայտարարություններ կամ այլ փաստաթղթեր, որոնք պիտի արտացոլեն ՀՀ և Արցախի շահերի հանձնառության առումով մեր մոտեցումները», - ասաց Արարատ Միրզոյանը։