27/10/2021 18:33
Նիկոլ Փաշինյանը կոնկրետ չի պատասխանում՝ ե՞րբ կայցելի Արցախ (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ չի պատասխանում՝ երբ կայցելի Արցախ:
«ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում այցելել են Արցախ, շարունակում են այցելել ու պաշտոնյաների այցը կկազմակերպվի ըստ նպատակահարմարության», - Ազգային ժողովում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ե՞րբ է, ի վերջո, Փաշինյանը գնալու Արցախ:
Պատգամավորն ասաց, թե երբ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն այցելել էր Արցախ, Ադրբեջանի նախագահը զգուշացրել էր, սպառնացել, որ ՀՀ իշխանություններն այլևս չայցելեն Ղարաբաղ:
«Դրանից հետ մենք չենք ունեցել ոչ Ձեր մակարդակով այց, ոչ նախագահի, ոչ Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով այց, ոչ էլ ԱԳ նախարարի մակարդակով», - ասաց Խամոյանը:
Նա կրկին հետաքրքրվեց՝ ե՞րբ Փաշինյանը նպատակահարմար կգտնի այցելել Արցախ:
«Այս հայտարարությունից հետո ՀՀ տասնյակ պաշտոնյաներ այցելել են Արցախ, ըստ նպատակահարմարության՝ Արցախի իշխանությունների հետ կորոշենք ու որոշում կկայացնենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը: