27/10/2021 17:03
Մարդկանց նստացնելը մեր միակ նպատակը չէ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը շատ կարևոր նշանակություն են ունեցել, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետև 2019 թվականից մինչ օրս չեք գտնի մի քաղաք, խոշորացված բնակավայր, որտեղ լայնածավալ ծրագրեր չեն իրականացվում: Հիմնանորոգվում են փողոցներ, որ 30-40 տարի չեն հիմնանորոգվել, նորոգվում են տանիքներ, վերակառուցվում են մանկապարտեզներ, որ 25-30 տարի չեն նորոգվել», - ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ սա եղել է կառավարության դրած պահանջը համայնքների առաջ:
Վարչապետի խոսքով՝ 2018-20 թվականների ընթացքում սուբվենցիոն ծրագրերի վրա ծախսվել է 47,5 միլիարդ դրամ:
Փաշինյանը հայտարարեց, թե հարցը ստի ու ճշտի մեջ չէ, պարզապես պետք է արձանագրել՝ համայնքները չաշխատելու ու աշխատանք չանելու տարբերակ չեն ունեցել:
«Կառավարությունը որևէ համայնքապետի թույլ չէր տա, որ ինքը նստի ու ոչ մի բան չանի: Մենք չենք թողել, որ տարածքները վարձով տան, այդ գումարները բյուջե չմուտքագրեն, տասնյակ քրեական գործեր են հարուցվել, շատերն ասում են՝ «ո՞ւր է, չդատվեցին». մարդկանց նստացնելը մեր միակ նպատակը չէ, բայց քրեական գործերով պրակտկա է փոխվել, որ 10 դրամով հողը տան իրենց եղբորը, հետո իրենց եղբայրը 100 հազար դրամով այդ նույն հողը վարձակալության տա ինչ-որ կազմակերպության: Մենք ասել ենք՝ ոչ, այդ գումարները բերեք բյուջե, պիտի կառուցվեն մանկապարտեզներ, դպրոցներ», - ասաց նա: