27/10/2021 15:50
Դատավորները, որոնք Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը մերժել են, հրեշտակ են երկնքից իջած, ճի՞շտ եմ հասկացել. Վահագն Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր հայտարարեց, թե դատարանների շրջափակումը քաղաքական բողոքի ակցիա էր ու ընդդիմությունը դա համարում էր միջամտություն դատական համակարգին:
«Դուք այսօր բերել եք մի նախագիծ, որով քննիչ հանձնաժողովը ոչ թե միջամտում է, այլ ներխուժում է դատական համակարգ», - դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին՝ ասաց պատգամավորը:
Արամ Վարդևանյանն էլ հայտարարեց, որ պետք է ունենալ հմտություն, մի բան էլ ավելի, որ հանձնաժողովի ստեղծումը համեմատել դատարանները շրջափակելու հետ:
Վահան Ալեքսանյանն ասաց, թե Արամ Վարդևանյանը դատավորների մասին է խոսում, որոնց մի մասին ինքը չի ճանաչում:
«Ձեր իրավաքաղաքական քարտեզում այսպես է՝ այն դատավորները, որոնք Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում են կայացրել, նրանք վատն են, այն դատավորները, որոնք կալանավորման որոշումը մերժել են՝ հրեշտակ են երկնքից իջած։ Ճի՞շտ եմ հասկացել դատավորների բաժանման ձեր սպեկտրը», - նշեց իշխանական պատգամավորը:
Արամ Վարդևանյանն էլ ասաց, թե ինքն ուրախ է, որ Ալեքսանյանը չի ճանաչում այն դատավորներին, որոնց մասին ինքը խոսել է:
«Ես հույս ունեմ, որ ոչ դուք, ոչ ձեր գործընկերներից ոչ մեկը երբևէ չառնչվի այն դատավորների հետ, որոնց ես ոչ դրվատանքի խոսքով թվարկում եմ, դուք իրենց մոտ թող գործ չունենաք, որովհետև դուք ուղղակի փողոցում մի օր քայլելուց պատահական մարդու մոտեցեք ու ասեք՝ Արմեն Դանիելյանն ի՞նչ ձևի դատավոր է, էն որ Քոչարյանին կալանավորել է: Վ՜այ, այնքան հետաքրքիր գնահատականներ եք լսելու, նույն ձև էլ կհարցնեք Ալեքսանդր Ազարյանի մասին։ Ի դեպ, Ալեքսանդր Ազարյանի, Վազգեն Ռշտունու մասին կարող եք Դավիթ Սանասարյանին էլ հարցնեք», - կոչ արեց Վարդևանյանը: