28/10/2021 10:22
Արցախի զգալի մասը դավադիր պատերազմում թշնամուն հանձնած անձնավորության հետ չի կարող լինել որևէ փակ քննարկում. «Հայաստան» դաշինք
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հերթական անգամ խուսափելով հարցերին հստակ պատասխանելուց, մոլորեցնելով հասարակությանը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձ է արել տպավորություն ձևավորել, թե «Հայաստան» դաշինքը պատրաստ է իր հետ փակ քննարկումների ու զրույցների:
« «Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ դրած, Արցախի զգալի մասը դավադիր պատերազմում թշնամուն հանձնած, թշնամիներին՝ կառուցողական, իսկ սեփական հայրենակիցներին՝ շինծու գործերով կալանավորումների հրահանգներ տված, սևերի ու սպիտակների բաժանած անձնավորության հետ չի կարող լինել որևէ փակ քննարկում՝ որևէ ֆորմատով:
Ի վերջո, ցանկանան, թե՝ ոչ, պետք է հաշվետու լինեն հանրության առջև: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ մենք մեկ սանտիմետր անգամ չենք հրաժարվել այս ազգակործան իշխանություններին հեռացնելու մեր նպատակից և միայն այդ օրակարգով կարող է լինել քննարկում վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնողի հետ», - ասված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորիներին:
Հենց նիստի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը միանգամից հրաժարվել էր հանդիպումից՝ հայտարարելով, որ պատրաստ է Փաշինյանի հետ քննարկել միայն իր հրաժարականի տեքստը: