28/10/2021 11:50
«Գազելների» տրամաբանությանը վերադարձ չի լինելու. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարությունը հավանություն տվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Նախնական գնահատմամբ՝ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն ԱՄՆ եվրո:
Առաջին փուլում ձեռք կբերվի 12 մետրանոց 100 ցածրահատակ ավտոբուս. առաջին փուլի ֆինանսավորման համար 25 մլն եվրո է տրամադրվելու, որից 20 մլն եվրո վարկ ՎԶԵԲ-ից և 5 մլն եվրո դրամաշնորհ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակամիջավայրի գործընկերության կողմից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պետք է լինեն լուծումներ, որ ոչ թե ժամանակի կոնկրետ հատվածում խնդիրը լուծեն, այլ ունենան համակարգ, որը անընդհատ կաշխատի ու անհրաժեշտ ներդումները անհրաժեշտ ժամկետներում տեղի ունենան:
«Հակառակ դեպքում, կստացվի, որ մենք այս ավտոբուսները ձեռք ենք բերում, կառավարությունն այդ պարտքը փակելու է, ավտոբուսները մաշելու են, ու մենք տասը տարի հետո կանգնելու ենք այս նույն ելման կետի վրա ու ստիպված ենք լինելու որոշում կայացնել նորից նույն ճանապարհով գնալ կամ էլ վերադառնալ «գազելների» տրամաբանությանը: «Գազելների» տրամաբանությանը վերադարձ չի լինելու, մենք դա դեռ 2017 թվականին ենք խոստացել», - ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց՝ Երևանը պետք է ունենա պատշաճ տրանսպորտային համակարգ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե սա առաջին գործարքն է, բայց այն տիրաժի ենթակա պայմանավորվածություն ու գործարք է:
«Եթե մենք բնապահպանական նորմերով շարունակենք այս գործառույթը, մենք կարող ենք անսահմանափակ գործիքակազմով վերջնական լուծել տրանսպորտի հարցը Երևանում, իսկ հետո տարածել, մասնավորապես, Սյունիք», - ասաց Գրիգորյանը: