28/10/2021 09:37
«Ժողովուրդ». Հայաստանի տարածքում հայտնվել են թուրքական ալիքներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տարածքում, նաև՝ Երևանում, ռադիոյի հաճախականություններում հայտնվել են թուրքական ալիքներ: Ավելին, մի շարք մարզերում, թուրքականից բացի, հասանելի են դարձել նաև ադրբեջանական ալիքներ: Մասնագետն ասում է՝ անհանգստանալ պետք չէ: Ի դեպ, թուրքական և ադրբեջանական ռադիոալիքների՝ Հայաստանի տարածքում հայտնվելու մասին քաղաքացիները սկսեցին բարձրաձայնել 44-օրյա պատերազմից հետո: ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այս խնդրին, ասաց, որ դրանք մինչ 44-օրյա պատերազմն էլ եղել են: Նա խորհուրդ տվեց շրջանցել ոչ ցանկալի ռադիոկապուղիները:
«Սահմանից այն կողմ լսելի են նաև ռադիոհաղորդումներ հայերենով, ինչն ուղղակիորեն կապված է ռադիոալիքների տարածման հետ: Դա ռադիոալիքների տարածման առանձնահատկությունն է, որը ո՛չ սահման է ճանաչում, ո՛չ էլ պետություն: Մենք ուղղակի դրա դեմ չենք կարող պայքարել: Շատ ժամանակ ասում են, թե ինչ-որ խլացուցիչներ դնենք, բայց Հայաստանն ինքը հանդիսանում է եվրոպական հեռարձակվողների միության անդամ, ունի պարտավորություն, որ քաղաքացիական տիրույթում գործող ռադիոցանցերի համար չի կարելի ուղղակի խանգարումներ ստեղծել», - պարզաբանեց մասնագետը:
Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը մասնագետի հետ զրույցում բարձրաձայնեց ևս մեկ խնդրի մասին. դա հիմնականում վերաբերում է օտարերկրյա ժամանողներին, որոնք ունեն այլ պետությունների բջջային հեռախոսահամարներ, անմիջապես ֆիքսում են թուրքական ռադիոցանցեր հենց անմիջապես վայրէջքի ժամանակ օդանավակայանում. քաղաքացու հեռախոսում տեղորոշման ծրագիրը ցույց է տալիս, որ ինքը Թուրքիայում է: Այս հարցին ի պատասխան՝ Հարությունյանն ասաց. «Սա նշանակում է, որ իրենց ցանցերն ուղղակի ունեն պայմանագրեր նույն թուրքական ցանցերի հետ, որը բաժանորդին կարող է առաջարկել ավելի լավ պայմաններ»»։