28/10/2021 12:13
«ՔԿՀ-ները Հայաստանում հանցագործ արտադրող ձեռնարկություններ են». Կառավարությունը որոշեց փակել «Կոշ» ու «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց դադարեցնել «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարեց, թե այս որոշումով 2022 թվականին կխնայվի 1 միլիրադ 200 միլիոն դրամ:
«Սա շատ կարևոր սկիզբ է քրեակատարողական համակարգի հետագա բարելավման համար։ Ունենք 12 ՔԿՀ ու, եթե այս նախագիծն արժանանա հավանության, ապա մենք կունենանք 10 ՔԿՀ, որոնց վրա կենտրոնանալով ու պայմանները լավացնելով՝ մենք կկարողանանք էլ ավելի օպտիմալացնել համակարգը՝ լուծելով մարդու իրավունքների խնդիրները», - ասաց նախարարը:
Անդրեասյանի խոսքով՝ այսօր 5346 տեղ կա, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները, բայց այն համալրված է 2113-ով:
«Գրեթե բոլոր ՔԿՀ-ներում կիսով չափ դատարկ են այդ տեղերը», - ասաց նա:
Անդրեասյանը նշեց, որ կրճատվելու է 280 հաստիք, ինչը կարող է առաջացնել որոշակի դժգոհություն:
«Բայց մենք խնդիր ունենք որոշակի վեթինգ իրականացնել ՔԿՀ-ում, այդ 280 մարդկանցից 70-ը տեղափոխվելու է այլ ՔԿՀ աշխատանքի, 50-ը տեղափոխվելու է Պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը՝ կադրերի ռեզերվում», - ասաց արդարադատության նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե այսօր Հայաստանում կալանավորված ու դատապարտված անձանց պատմական մինիմում է:
«Մեր ՔԿՀ-ների մի մասում, մասնավորապես, «Կոշ»-ում ու «Հրազդանում» անմարդկային պայմաններ են ու կալանավորված մարդիկ պահվում էին անմարդկային պայմաններում», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե ՔԿՀ-ները Հայաստանում երկար ժամանակ, հիմա էլ՝ հանցագործ արտադրող ձեռնարկություններ են:
«Այսինքն՝ մարդը կարող է պատահական մի միջադեպով ընկնի այնտեղ ու այնտեղից դուրս գա որպես պրոֆեսիոնալ հանցագործ», - ընդգծեց նա: