10/11/2021 18:47
Կարևորում ենք համանախագահների՝ տարածաշրջան այցելելու պրակտիկան հնարավորինս արագ վերականգնելու հարցը․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Արցախյան հիմնախնդրի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերաբերյալ հարցին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն ունի, ինչպես նշված է ՌԴ ԱԳՆ-ի՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունում: Կարևոր ենք համարում եռյակի ձևաչափով շարունակել ջանքերը նախևառաջ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում»,-ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Ըստ Զախարովայի՝ այժմ եռյակը նախապատրաստվում է կոնտակների՝ մի շարք եվրոպական մայրաքաղաքներում:
«Մենք կարևոր ենք համարում հնարավորինս արագ վերականգնել եռյակի՝ տարածաշրջան այցելելու պրակտիկան»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: