11/11/2021 18:37
Արցախում կորոնավիրուսի դեմ բուժվող 111 քաղաքացուց 21-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) ստացիոնար բուժում են ստանում 111 հիվանդ, որոնցից 21-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 69-ինը՝ ծանր։
Նախարարը շրջել է վերակենդանացման բաժանմունքով և հիվանդասենյակներով, տեսակցել հիվանդներին և բժիշկների հետ միասին քննարկել հրատապ լուծում պահանջող խնդիրները, այնուհետև տվել համապատասխան հանձնարարականներ։
«Նախարար Հայրիյանը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին, ժամանակին պատվաստվել պաշտպանելով Ձեզ և Ձեր հարազատների առողջությունը»,-նշել են Արցախի առողջապահության նախարարությունից: