11/11/2021 11:36
Կապանում սկսում ենք կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը. ահռելի միջոցներ են պետք. Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին հայտարարեց, թե նոյեմբերի 4-ին որոշում է ստորագրել Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասնաելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին:
«Դա չափազանց կարևոր որոշում է ու կարող ենք համարել, որ մենք մեր այս ծրագիրը սկսում ենք Սյունիքի մարզից», - ասաց նա:
Վարչապետը նշեց, թե կրթությունը պետք է հասանելի լինի Հայաստանի բոլոր երեխաների ու ունենա պատշաճ որակ, որ բացահայտի ՀՀ քաղաքացիների ամբողջ պոտենցիալը:
«Շատ հետաքրքիր հետազոտություններ են արված ու այս հետազոտությունների վրա է հիմնված մեր աշխատանքը. Այսօր Հայաստանում գոյություն ունեցող ենթակառուցվածքներով կրթական համակարգի միջով անցնելով՝ ՀՀ քաղաքացին կարող է բացահայտել իր պոտենցիալի ընդամենը 57 տոկոսը, այսինքն՝ մենք գնահատել ենք մեր կրթական այսօրվա ենթակառուցվածքը ու արձանագրել, որ մարդը մեր այսօրվա առաջարկած կրթական ծառայություններից դեռ պետք է լիարժեք հնարավորությունից օգտվի ու կարող է բացահայտել իր պոտենցիալի 57 տոկոսը», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, թե տարրական դպրոցի ավարտին աշակերտների շուրջ 35 տոկոսը չի կարողանում կարդալ ու հասկանալ պարզ տեքստը:
«Պարզ է, որ այս ծրագրի իրագործման համար ահռելի միջոցներ են պետք, սկսում ենք Կապանից ու միայն այդ կրթական ծրագիրն իրագործելու համար 9 միլիարդ դրամի ներդրում ենք իրականացնելու», - ասաց նա: