11/11/2021 15:28
Փաշինյանն ասում էր, որ Գորիս-Կապան ճանապարհը ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար անարգել օգտագործվելու է, իսկ այսօր ունենք այս պատկերը․ պատգամավոր
Գորիս-Կապան ավտոճանապարհին տիրող իրավիճակի շուրջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի հրավիրած հրատապ նիստին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հիշեցրեց իշխանության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ, որոնք ամբողջությամբ հակասության մեջ են մտնում այն իրականության հետ, որն այսօր ստեղծվել է Գորիս-Կապան ճանապարհին։
Մանուկյանը նշեց, որ նշված ճանապարհով Հայաստան մտնող իրանական բեռնատարների հետ կապված խնդիրը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ադրբեջանի և Իրանի ներքին գործն էր համարում՝ վստահեցնելով, որ Հայաստանը մտահոգվելու որևէ առիթ չունի։
«Նաև ուզում եմ հիշեցնել թիվ մեկ պատասխանատուի և մեղավորի խոսքերը, որը նա ասել է 2021 թվականի սեպտեմբերի 15-ին․ «2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գորիս-Կապան ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար»։ Բայց ահա, այսօր մենք ունենք այսպիսի պատկեր, երբ երկկողմանի մաքսակետեր են տեղադրվում, հայ վարորդներին ադրբեջանցիները կարող են նույնիսկ թույլ չտալ օգտվել այդ ճանապարհից և, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ լինելու է․ մենք չենք կարողանալու օգտվել այդ ճանապարհից», - ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ վերը նշված հայտարարություններն ընդամենը հերթական «փափուկ բարձն» էին, հերթական «խաղաղասիրությունն» ու սուտը։
«Հերթական անգամ ժողովրդի թիկունքում դավադիր գործարք է տեղի ունեցել թշնամու հետ», - ընդգծեց պատգամավորը։