17/11/2021 17:09
Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո․ Փաշինյան (Տեսանյութ)
Խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց ՀՀ ինքնիշխան տարածքից 41 քառակուսի կիլոմետրը թշնամու կողմից օկուպացնելու վերաբերյալ իր հայտարարությունը։
«Այդ թիվը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների հետևանքով։ Երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը որևիցե ձևով չի փոխվել։ Այսինքն, մեկ շաբաթ առաջ էլ էր այդ 41 քառակուսի կմ-ը, մայիսի 12-ից հետո էլ, և երեկվա գործողությամբ էլ է նույնը», - ասաց Փաշինյանը։
Նա, սակայն, նշեց, թե միանշանակ չէ, որ այդ 41 քառակուսի կիլոմետրն ամբողջությամբ վերահսկվում է ադրբեջանական ԶՈՒ կողմից։ Փաշինյանը հայտարարեց նաև, որ առաջին պատերազմից հետո «Սովետական Ադրբեջանի տարածքներ» կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։
«Մայիսի 12-ից հետո տեղի ունեցած գործընթացի հետևանքով տարբեր հատվածներում Ադրբեջանի և մեր ԶՈՒ-ի դիրքերը շախմատաձև դասավորված են, երբեմն՝ անտրամաբանական ձևերով մխրճված մեկը մյուսի մեջ։ Մայիսի 12-ից առաջ էլ մոտ 40 և ավելի կմ ՀՀ տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ առաջին պատերազմի արդյունքներով։ Մենք այդ տարածքները կոնկրետ հատվածներով գիտենք։ Առաջին պատերազմի արդյունքներով նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Այս հանգամանքների բերումով է, որ շատ կարևորվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որովհետև երբ ասվում է, որ Ադրբեջանը մեր տարածքներն օկուպացրել է, ինչը ճշմարտություն է, միջազգային հանրության ներկայացուցիչների միջին վիճակագրական ռեակցիան հետևյալն է՝ այդպես է, բայց այնպես չէ, որ այդտեղ միանշանակ բալանս կա․ տարածքներ կան, որ ձեր վերահսկողության ներքո են, բայց պիտի չլինեին ձեր վերահսկողության ներքո և կան տարածքներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության ներքո են, որոնք չպետք է լինեին՝ դե յուրե հանգամանքներից ելնելով», - ասաց նա։