17/11/2021 17:25
Ադրբեջանցիները Հայաստանի տարածքում ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել․ Փաշինյան (Տեսանյութ)
Բալանսի առումով ոչ մի բան չի փոխվել, որովհետև կան ներխուժված հատվածներ, այդ հատվածներում մենք և ադրբեջանցիներն ունեն դիրքեր, խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցի, թե ադրբեջանցիները նախօրեին ծավալված ռազմական գործողությունների հետևանքով ինչ առաջխաղացում ունեն։
«Նախկինում էլ ունեինք, հիմա էլ ունենք, ու այս ընթացքում այդ դիրքերի բաշխվածությունն անընդհատ փոխվում է։ Մենք ենք գնում ուրիշ տեղ դիրք դնում, որի արդյունքում նրանց ինչ-որ դիրքերի գոյությունն անիմաստ է դառնում, հանում են, տանում են ուրիշ տեղ են դնում՝ այդ նույն տարածքի մեջ», - ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ ադրբեջանցիները ոչ խորացել են Հայաստանի տարածքում, ոչ էլ չեն խորացել։
«Ըստ էության, նրանք ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել։ Այսինքն, այդ 41 քառակուսի կիլոմետրի մեջ, երեկվա գործողությունների արդյունքում, որևէ բան չի փոխվել։ Բայց սրանից առաջ էլ մենք նման իրավիճակ ունեցել ենք, և փոխադարձաբար այդ իրավիճակներն ունենք, և քանի դեռ այս իրավիճակները կան, միջազգային հանրությունը դա դիտում է որպես լարվածության շատ կոնկրետ աղբյուր և նրանց ակնկալիքն է Հայաստանից ու Ադրբեջանից, որ այդ հարցն սկսեն քննարկել, լուծման բանաձևերը դնեն լուծման ռելսերի վրա», - ասաց Փաշինյանը։