17/11/2021 17:42
«Ձեր ապագան քրեակատարողական հիմնարկում է». Ընդդիմությունն ասաց Փաշինյանին. Վարչապետն էլ հակադարձեց. «ՔԿՀ անունը տվեցի, ամբողջ խմբակցությունով փախան» (Տեսանյութ)
Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հիշեցրեց երեկ ԱԺ-ում հնչեցված «մտքի գոհարները»՝ «անվտանգության բարձիկները իրենք պիտի ապացուցեն՝ բարձի՞կ են, թե՞ ծակած փուչիկ», «անհրաժշետության դեպքում նոր դաշնակից կգտնենք», «ժամանակն է եկել, որպեսզի տանք մեր դաշնակիցների գնահատականը»:
«Այս հակառուսական հիստերիան երեկ այս դահլիճում զեղում էին Ձեր թիմի անդամները: Ես ուզում էի հարցնել՝ սա Ձեր հրահա՞նգն է, թե՞ իրենց ինքնագործունեությունը՝ չնայած, բոլորս գիտենք, որ ձեր ֆրակցիայի մեծամասնությունը ելույթները ստանում է մեսենջերներով ու առանց ձեր համաձայնության ուր մնաց ելույթ ունենան Ռուսաստանի դեմ, նույնիսկ, արտաշնչելը միշտ չի, որ անում է», - դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց պատգամավորը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ Հայաստանում հակառուսական հիստերիա, եթե նույնսիսկ, կա, դրա հեղինակը իշխանությունը չէ:
«Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչած մտքերը լրացուցիչ մեկնաբանության, առավել ևս, սուբյեկտիվ մեկնաբանության կարիք չունեն: Մենք ասել ենք՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը մեր անվտանգության համակարգի առանցքային գործոններից է ու ՀԱՊԿ-ը այն անվտանգության համակարգն է, որին մենք անդամակցում ենք», - ասաց նա:
Մամիջանյանն էլ ընդգծեց՝ ինչպես ստացվեց, որ Հայաստանը այդքան ուշ կամ ընդհանրապես, մինչև հիմա դիմե՞լ է ՀԱՊԿ-ին:
«Ռուսերեն իմացող չկա՞ր, թուղթ չունեի՞ք: Դուք մի քիչ առաջ ասացիք, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է, իսկ կես տարի առաջ էլի դուք ասել էիք՝ «դե հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չէի սկսելու»: Ուրեմն՝ պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում, հենց այսպես է լինում ու լավ է, որ Արդարադատության Ձեր նախարարը նախաձեռնել է քրեակատարողական հիմնարկների վերանորոգում, որովհետև Ձեր ապագան հաստատ այնտեղ է անցնելու», - ասաց Մամիջանյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե Մամիջանյանի համար վատ լուր ունի. ինքը ՀՀ չորս քրեակատարողական հիմնարկում եղել է ու իրեն վատ չի զգացել :
«Սև լճի հետ կապված…», - մինչ կխոսեր Փաշինյանը, «Պատիվ ունեմ»-ը լքեց դահլիճը:
«Մարդիկ կան, որոնց շատ հեշտ է ՔԿՀ-ներով վախեցնել, տեսաք, ՔԿՀ անունը տվեցի, ամբողջ խմբակցությունով փախան: Որևէ բառ, տերմին օգտագործելուց առաջ մտածեք՝ այդ բառը ձեզ նայելով ասեն՝ ձեզ հետ ինչ է կատարվելու, տեսանք՝ ինչ է կատարվում», - ասաց Փաշինյանը: