18/11/2021 16:20
Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Աֆղանստանից տարհանվում են ՌԴ և ՀԱՊԿ անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, Աֆղանստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ՌԴ և մի շարք այլ երկրների քաղաքացիներ են տարհանվել այդ երկրից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այնտեղ ոչ միայն ՌԴ քաղաքացիներ են, այլև ՀԱՊԿ անդամ երկրների։ Տարհանվում են այն քաղաքացիները, որոնք բնակություն էին հաստատել Աֆղանստանում և անհրաժեշտ են համարում լքել երկիրը՝ պայմանավորված չափազանց անհանգիստ իրավիճակով»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն էր հայտարարել, որ Չկալովսկի օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի երեք ինքնաթիռ է մեկնել Աֆղանստան՝ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղրղզստանի և Հայաստանի, ինչպես նաև Ուկրաինայի և Աֆղանստանի ավելի քան 380 քաղաքացու տարհանելու նպատակով:
Ինչպես հայտնել են ՌԴ ՊՆ-ից, ռուսական յուրաքանչյուր ինքնաթիռ հագեցած է բժշկական սարքավորումներով ու պարագաներով, տարհանվողներին անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերելու համար ինքնաթիռներում են գտնվում ռազմաբժիշկներ ու բուժքույրեր։
Աֆղանստանում, նախնական տեղեկություններով, Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի կա, «Արմենպրես»-ին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։