19/11/2021 11:40
Իրավական գործընթաց պետք է տեղի ունենա՝ հասկանալու, թե ինչպես են գերիները հայտնվել Ադրբեջանում. Էդուարդ Աղաջանյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է՝ Հայաստանն ամեն ինչ արել է ու անելու է, որ գերիները օր առաջ վերադառնան հայրենիք։
«Բայց, միաժամանակ, պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է ու որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան հարկ եղած ժամանակ, որ հանրությունը, պետությունը, պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում ու ինչ գործընթացի արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Պատգամավորը նշեց, թե սա իրավական պետության տրամաբանությունից է բխում։
«Սա նորմալ գործընթաց է, որևէ անձի կամայական ցանկության հարց չէ, սա իրավական հարց է ու պետք է լուծվի իրավական ընթացակարգերով», - ասաց Աղաջանյանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննեն:
«ՀՀ զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ ու պետք է հստակ բոլոր դեպքերով քննվի. ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում, զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն», - ասել էր նա: