19/11/2021 14:06
Սյունիքը մերկացվեց, դարձավ խոցելի, երբ Նիկոլ Փաշինյանը մեր զորքերը հետ քաշեց. Արմեն Աշոտյան
«Սա նշանակում է ուղիղ հրավեր ադրբեջանական զինուժին ու բանակին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից լեգիտիմացված հերթական ռազմական ագրեսիան կատարելու համար»,- 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդման շրջանակում արձագանքելով խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե «Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո», ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Երբ դու հայտարարում ես, թե «Սովետական Ադրբեջանի տարածքներ» ունես քո վերահսկողության տակ, դրանով ասում ես, որ ադրբեջանցիները կարող են հարձակվել այնտեղ, նորից մարդ սպանել, գերեվարել, գրավել մեր դիրքերը և միջազգային հանրության աչքերին դա հրամցնել որպես լեգիտիմ օպերացիա»,-շեշտել է Արմեն Աշոտյանը։
Նա ուշադրություն է հրավիրել նաև մեկ այլ հանգամանքի վրա, թե ինչ տրամաբանությամբ են Սյունիքի ռազմավարական նշանակության տարածքներն անցել Ադրբեջանի վերահսկողության ներքո։
«Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ մենք ավելի շատ հող ենք հանձնել ադրբեջանցիներին թղթով, քան արյամբ։ Մենք հանձնել ենք տարածքներ անգամ առանց թղթի՝ իր բանավոր հանձնարարականների հիման վրա․ Կուբաթլի-Զանգելան հատվածի մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածքը, որը փակում էր Գորիս-Կապան ճանապարհը, Սյունիքի վերջին հենարանն էր՝ անվտանգության գոտու տեսքով։ ․․․ Այդ հատվածը մնացել էր մեզ, բայց Սյունիքը մերկացվեց, դարձավ խոցելի, երբ Նիկոլ Փաշինյանը մեր զորքերը հետ քաշեց։ Քաշեց, բայց գոնե պահեր ռազմավարական նշանակության բարձունքներն ու ճանապարհները»,- ընդգծել է Աշոտյանը։
Նա համոզմունք է հայտնել՝ սա դիտավորյալ ու հետևողական քաղաքականություն է՝ իրականացվող երեք հիմնական նպատակներով։
«Առաջինը՝ հայկական պետականությունից թողնել ֆորմալ ձևանմուշ, երկրորդը՝ կտրել մեզ Իրանից, երրորդը՝ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացման միջոցով ապահովել վերջնական աշխարհաքաղաքական շրջադարձ։ Այս 3 հիմնական նպատակներն են»,- նշել է Արմեն Աշոտյանը։