20/11/2021 15:15
ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել իր ներկայությունը Մերձավոր Արևելքում․ Պենտագոն
ԱՄՆ մտադիր է երկարաժամկետ ներկայություն ապահովել Մերձավոր Արևելքում և այդ ներկայությունն ամրապնդելու է ամենատարբեր միջոցներով, հայտարարել է ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավար Լլոյդ Օսթինը։
ԱՄՆ հստակ ու ամուր դիրքորոշում ունի Մերձավոր Արևելքի անվտանգության հարցում։ Նախատեսում ենք երկարաժամկետ ներդրումներ անել այդ չափազանց կարևոր տարածաշրջանում․ մասնավորապես, զարգացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը, բարձրացնել ռազմական պատրաստության, պրոֆեսիոնալ ռազմական ուսուցման մակարդակը, մարտունակությունը, հետախուզության որակը, անցկացնել համատեղ վարժանքներ»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։
Օսթինն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի երկրների հետ գործընկերության ընդլայնումը ԱՄՆ-ի հիմնական նպատակներից է, Վաշինգտոնը, 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու համար, պետք է նորացնի և կատարելագործի համագործակցությունը։ Նրա խոսքով՝ շատ երկրների սահմաններին առկա անվտանգային սպառնալիքներին համարժեք պատասխանելու համար բազմակողմանի ջանքերի ներդրում է անհրաժեշտ։
Լլոյդ Օսթինն ընդգծել է նաև, որ ԱՄՆ ակտիվ մասնակցություն է ունեցել Իսրայելի և մի շարք արաբական երկրների, այդ թվում՝ԱՄԷ-ի, Բահրեյնի և Մարոկկոյի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Նրա կարծիքով՝ հենց դա է այսօր նոր իրականություն ձևավորում Մերձավոր Արևելքում։
Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությանը՝ Օսթինն ուղիղ հասկացրել է, որ ամերիկյան զինված ուժերն անհրաժեշտության դեպքում կարող են համալրվել։ «Մենք իրական մարտական ուժ ունենք այս թատերաբեմում, և եթե հարկ լինի, կարող ենք լրացուցիչ ուժեր տեղակայել, մենք դա արագ կանենք»,- հայտարարել է նա։
«Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի մեր վճռականությունը, ինչպես նաև ինքներս մեզ և տարածաշրջանում անվտանգություն ապահովելու նպատակով մեզ հետ համագործակցողներին պաշտպանելու մեր ունակությունը» ,-հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։