22/11/2021 14:18
Կապանի օդանավակայանի շահագործումը իշխող ուժի «փուչիկ ու օդ» խոստումներից էր, նորից թոզ էին ուզում փչել ժողովրդի աչքերին. Վահե Հակոբյան
Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի՝ Կապանի օդանավակայանը ավագանու ընտրություններում իշխող ուժի նախընտրական «փուչիկ ու օդ» խոստումներից էր։
«Դրանով նորից թոզ էին ուզում փչել ժողովրդի աչքերին», - լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը։
Նա պնդեց՝ որևէ մեկը որևէ անվտանգային երաշխիք չի կարող տալ օդանավակայանի շահագործման հետ կապված։
«Իրենք էլ եկան, ասացին իրենց ոճի մեջ՝ պոպուլիզմ, սուտ ու կեղծիք։ Ասացին՝ բացում ենք, Կապանում հերթական անգամ կերան թարս ապտակ ու գնացին։ Բնական է՝ նախաձեռնողը հրաժարվեց, որովհետև ադրբեջանական զինուժը 100-ից 150 մետր հեռավորության վրա է ու այնտեղ վայրէ՞ջք կատարի ինքնաթիռը. անհնար է», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ի կառավարության նիստում հայտնի դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում էր 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։
Օրեր անց, սակայն, հայտարարվեց, որ «Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը։