22/11/2021 17:59
Սյունիքի վտանգը նշանակում է Հայաստանի վերջ. որոշակի հույսեր եմ փայփայում, որ իրավիճակը փոխելու իրական հնարավորություն է ստեղծվել. Ավետիք Իշխանյան
Ես որոշակի հույսեր եմ փայփայում, որ իրավիճակը փոխելու իրական հնարավորություն է ստեղծվել, որովհետև մեր վիճակն, իսկապես, օրհասական է։ Օրհասականը նույնիսկ շատ մեղմ է ասված, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Հուսանք, որ գուցե այս անգամ տարբեր քաղաքական ուժեր և ոչ միայն նրանք՝ հասարակական գործիչներ, Հայաստանի իրավիճակով լրջորեն անհանգստացող մարդիկ, դուրս կգան փողոց և դիմադրության շարժումը, թեկուզ ինքնաբուխ, կսկսվի։ Կազմակերպչական բնույթ կարելի է տալ հետո», - ասաց նա։
Իրավապաշտպանի խոսքով՝ դիմադրության շարժումը, եթե հասունանա, միևնույն է, ուշացած է, քանի որ իշխանությունների դեմ գործողություններ պետք է իրականացվեին դեռ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։
«Դիմադրությունը, սակայն, չկայացավ, իսկ այսօր արդեն Սյունիքն է վտանգված։ Իսկ Սյունիքի վտանգը նշանակում է Հայաստանի վերջ։ Սյունիքից հետո, լեզուս չի պտտվում ասելու, հետևելու են Տավուշը և այլն, այսինքն՝ Հայաստան այլևս չի մնա։
Այդ է պատճառը, որ այսօր բոլորը պետք է մի կողմ դնեն համակրանքներն ու հակակրակնքները, վիրավորվածությունը, նախկիններ, ներկաներ հասկացությունները՝ կանխելու Հայաստանի կործանումը», - ասաց Ավետիք Իշխանյանը։