22/11/2021 17:11
Շանտաժի, սպառնալիքի կամ մեկ այլ լեզվով Սերժ Սարգսյանի վրա ազդելու որևէ հնարավորություն չկա. Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելուն:
«Իշխանությունն իր բանուգործը թողած, դրել «պադստավնոյ» դեմքեր է հավաքագրում, որպեսզի տարբեր ճգնաժամային իրավիճակներում մարդկանց «զբաղեցնի»»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը:
Նա ընդգծել է` քաղաքական, հասարակական դեմքերի նկատմամբ քրեական գործեր հարուցելով, մեղադրանք առաջադրելով` աղմուկ բարձրացնել այլևս չի ստացվում։
«Եթե նույնիսկ թիրախում Սերժ Սարգսյանն է, մեկ է՝ իշխանության ավանդական մեթոդներն այլևս չեն աշխատում, որովհետև շանտաժի, սպառնալիքի կամ մեկ այլ լեզվով նախագահի վրա ազդելու որևէ հնարավորություն չկա», - նշել է պատգամավորը:
Հիշեցնենք`Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հրաչյա Մուշեղյանից ծանուցում է ստացել այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։