23/11/2021 20:20
Ակնկալում ենք և սպասում, որ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը կազմակերպի Ադրբեջանի հետ հանդիպում․ Փաշինյան (Տեսանյութ)
Ես դեռևս ամռանը մի քանի անգամ հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակներում ունենալ հանդիպումներ, բանակցություններ Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատով և, ինչպես գիտեք, ԱԳ նախարարները այդ ֆորմատում արդեն հանդիպումներ ունեցել են, ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ մենք ակնկալում ենք և սպասում, որ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը կազմակերպի այդպիսի հանդիպում։ Մենք արդեն նախապես դրա մասին հայտարարել ենք, մեր պատրաստակամությունն ենք արտահայտել», - ասաց Փաշինյանը։
Նա հավելեց՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպումը նույնպես նորություն չէ, Փաշինյանի խոսքով՝ Շառլ Միշելը ամռանը տարածաշրջան կատարած իր այցի շրջանակում այդպիսի գաղափար է առաջ քաշել։
«Ես այդ գաղափարը չեմ մերժել, ընդունել եմ, ասել եմ՝ երբ դեկտեմբերը մոտենա, ավելի կկոնկրետացնենք, և արդեն հայտնի հանգամանքներում նա զանգ է ունեցել և՛ ինձ հետ, և՛ Ադրբեջանի նախագահի հետ, և մենք երկուստեք հաստատել ենք մասնակցությունը Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և գագաթնաժողովի շրջանակում նաև պատրաստակամություն ենք հայտնել հանդիպել», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները պետք է ավելի հաճախակի լինեն։
«Մեր ընկալումն այն է՝ նաև ընդհանուր իրադրությունից է բխում, որ ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որպեսզի մենք կարողանանք իրադրությունը կարգավորել, լուծումներ գտնել և փորձել խուսափել ճգնաժամերից», - նշեց Փաշինյանը։