23/11/2021 20:56
Նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու գաղափար եղել է․ արձանագրելով, որ սիմվոլիկան լավը չէ, առաջարկել եմ՝ հանդիպումը տեղափոխվի․ Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին
Նոյեմբերի 9-ին եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան օնլայն հանդիպում անցկացնելու գաղափար եղել է, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եղել է գաղափար՝ նոյեմբերի 9-ին օնլայն եռակողմ հանդիպում անցկացնելու։ Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է և խնդրահարույց է։ Ես հստակ ասել եմ, մեր անկեղծ դիրքորոշումը արտահայտել եմ, որ նոյեմբերի 9-ը դժվար, ծանր և դառը օր է մեզ համար։ Բայց եթե պարզվի, որ նոյեմբերի 9-ի հանդիպման արդյունքներով մենք կկարողանանք համաձայնել կոնկրետ արդյունքի շուրջ, ասենք, օրինակ, լուծել գերիների հարցը, ես պատրաստ եմ այդ դառնությունը վերցնել և մասնակցել այդ օնլայն համաժողովին։ Հետո, երբ պարզվել է, որ նման համաձայնության, ցավոք, չենք կարող գալ, տեսակետները տարբեր են, ես, պարզապես արձանագրելով, որ նոյեմբերի 9-ի սիմվոլիկան մեզ համար այնքան էլ լավը չէ, խնդրել, առաջարկել եմ, որ հանդիպումը տեղափոխվի նոյեմբերի 15», - մանրամասնեց նա։
Փաշինյանի խոսքով՝ նոյեմբերի 15-ից առաջ էլ եղել է առաջարկ՝ հանդիպելու նոյեմբերի 26-ին, ինչը նա ընդունելի է համարել, ընդունելի են համարել նաև ՌԴ և Ադրբեջանի նախագահները, և հանդիպումն ամրագրվել է նոյեմբերի 26-ին՝ ոչ թե առցանց, այլ առերես ձևաչափով։
«Հայաստանը պատրաստ է բանակցել, աշխատել համատեղ, չարչարվել և գտնել փոխընդունելի լուծումներ։ Բայց գիտե՞ք, երբեմն սիմվոլիկայի և այլ ձևերով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի նկատմամբ իրացնել ագրեսիվ հարկադրանքի և շանտաժի քաղաքականություն, և ես ԱԽ վերջին նիստին էլ ասացի, որ Հայաստանը չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությանը, որքան էլ մենք հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը, որովհետև այդ գործելակերպով Ադրբեջանը, այլ երկրների քաջալերմամբ, թիրախավորում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը և ժողովրդավարությունը։ Եվ ես ասացի՝ պետք չէ Հայաստանի հետ խոսել հարկադրանքի լեզվով։
Այո, նոյեմբերի 9-ը մեզ համար ծանր օր է, և ո՞վ է ասել, որ ասում են՝ նոյեմբերի 9-ին պետք է լինի օնլայն քննարկում, Հայաստանը պետք է վազի, ասի՝ հա, պետք է լինի օնլայն քննարկում։ Մենք ասել ենք՝ նոյեմբերի 9-ին մենք պատրաստ ենք, եթե կոնկրետ խնդիր լուծեք։ Եթե չեք կարողանում խնդիր լուծեք, ամենայն հարգանքով, մեզ համար շատ ծանր օր է այդ օրը», - մանրամասն ներկայացրեց Փաշինյանը։