23/11/2021 14:54
«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների թեմայով
Օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր hայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած են լրջագույն սպառնալիքների առջև, ասված է «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։
«Թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան օրակարգ է բերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման խնդիրը, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի և կառավարող վարչախմբի առանձին ներկայացուցիչների հայտարարությունները հակասում են հայ ժողովրդի կենսական շահերին և կարող են անկառավարելիորեն սպառնալ մեր ժողովրդի ֆիզիկական գոյությանը: Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև Ազգային ժողովի՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն իշխանության հանգամանքով պայմանավորված, «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ շրջանառության մեջ դնելով սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագիծ», - նշել են խմբակցությունից։
Լսումները տեղի կունենան ՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-16:00-ն: