25/11/2021 17:39
«Այն, ինչը դեկտեմբերի 18-ին ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը, դավաճանություն է․ այդ դավաճանությունը հովանավորել են Փաշինյանը և Արմեն Սարգսյանը»․ Բագրատյան
«Գորիսից մինչև Մեղրի, ընդհանուր առմամբ, մոտ 45 կմ զիջել են թշնամուն, որից 21-ը՝ Գորիս-Կապան հատվածում, մնացածը՝ Կապան-Ճակատեն հատվածում։ Դա մեր ճանապարհն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա Փաշինյանի կողմից տեղի բնակավայրերին ադրբեջանական անուններ տալը սեփական արարքն արդարացնելու փորձ որակեց։
«Փաշինյանը ինչ-որ Էյվազլի անուն է տալիս․ դա անհիմն բան է, փորձում է արդարացնել իր արածը, որովհետև այն, ինչը դեկտեմբերի 18-ին ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը, կատարյալ դավաճանություն է ՀՀ նկատմամբ, և այդ դավաճանությունը հովանավորել են Փաշինյանը, ինչպես նաև Արմեն Սարգսյանը՝ նախագահը, որը պատասխան է տալիս Հայաստանի սահմանների համար։ Գորիս-Կապան հատվածում մենք նոր համաձայնագիր ենք ստորագրել 2020 թվականի դեկտմբերի 18-ին»,- ասաց Բագրատյանը։
Նա չբացառեց, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպմանը որևէ փաստաթուղթ ստորագրվի, բայց դա, ըստ Հրանտ Բագրատյանի, չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվելու են։
«Չի լինելու այնպես, որ մի թուղթ ստորագրվեց՝ ամեն ինչ զուլալվեց։ Մեզ անընդհատ, սիստեմատիկ խեղդելու են և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան»,- նշեց նա։