25/11/2021 13:58
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը «գծվել» է արյամբ, բայց չգիտես՝ ինչպես ՀՀ ղեկավար դարձածը մի գրչի հարվածով ստորագրում և տալիս է այդ սահմանները․Վանեցյան (Տեսանյութ)
«Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալն է, երբ ասում է՝ մենք միլիմետրի ճշգրտությամբ գիտենք Հայաստանի սահմանները։ Չի կարող այս երկրում որևէ մեկն իմանալ Հայաստանի սահմանները՝ ճշգրտությամբ։ Դա ասում եմ որպես մարդ, ով անվտանգության ոլորտի մասնագետ է, մարդ, ով սահմանապահ զորքերի ղեկավարն է եղել։ ՀՀ չունի 100 տոկոս՝ միլիմետրի ճշգրտությամբ սահմանների նկարագիր», - ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա շեշտեց՝ դելիմիտացիան ու դեմարկացիան անհրաժեշտ գործընթացներ են, սակայն դրանք իրենց ընթացակարգն ու անհրաժեշտ նախադրյալները պետք է ունենան։ Փաշինյանի հայտարարությունները՝ Խորհրդային քարտեզներին հղումներով, զուրկ են հիմնավորումից։
«Խորհրդային միության ժամանակահատվածում Սովետական Հայաստանը սահման ունեցել է միայն Իրանի և Թուրքիայի հետ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ մենք ունեցել ենք վարչական սահմաններ, իսկ վարչական սահմանները պետական սահմաններից էականորեն տարբերվում են», - նշեց Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը «գծվել» է արյամբ, և սա պաթոս չէ:
«Դա պաթոս չէ, դա իրականություն է։ Տասնյակ հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր նահատակված տղաներ՝ 90-ականներից սկսած։ Այդքան զրկանքներ, այդքան դժվարություններ, և այդ սահմանն իրականում «գծվել» է արյունով, և մի գրչի հարվածով մի մարդ, ով չգիտեմ ոնց՝ եկել, այս փուլում դարձել է ՀՀ ղեկավար, ստորագրում է և տալիս է այդ սահմանները», - ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ պատերազմի հետևանքով ձևավորված սահմանը պետք է ոչ թե Խորհրդային միության սահմանի կամ վարչական սահմանի տրամաբանությամբ դիտարկել, այլ նաև բնագծերով։