25/11/2021 14:24
Հայաթափո՞ւմ եք․ վերջում միայն Երևանն է մնալու, Փաշինյանն էլ ասելու է՝ բա ասֆալտի որակը նայեք․ Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Հունիսի 20-ին մեր հանրության մոտ 680 000 քաղաքացի հավատաց Նիկոլ Փաշինյանին և ձայն տվեց նրան մի նպատակով․ մտածում էին՝ դե, ինչ եղել, եղել է, պատերազմ էլ չի լինի։ Իշխանություններն էլ ընդդիմությանը ներկայացնում էին որպես ռևանշիստական ուժեր, որոնք պատերազմ են «ուզում», և հանրության մի մեծ հատված, ցավոք, հավատաց նրանց և ձայն տվեց՝ ակնկալելով խաղաղություն, պատերազմի ավարտ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա արձանագրեց, որ ընտրություններից հետո, սակայն, պատերազմը ոչ միայն չկանգնեց, այլև նոր զոհեր, նոր գերիներ, նոր տարածքային կորուստներ ունեցանք։
«Պատերազմից հետո առաջին փուլում ունեցանք 62 գերեվարված անձ, դրանից հետո՝ էլի գերիներ, երկու օր առաջ էլ տեղեկացանք, որ էլի առնվազն 32 գերի ունենք, և չի կանգնում պատերազմը», - ընդգծեց Վանեցյանը։
Նա նշեց, որ ծանոթացել է լուրջ ընկերության կողմից Հայաստանի ամբողջ տարածքում անցկացված փակ հարցումների արդյունքներին, ըստ որոնց Փաշինյանի օգտին քվեարկածների 50 տոկոսից ավելին փոշմանել է իր ընտրության համար։
«Ուզած-չուզած՝ մեկնաբանում ենք նրան (Փաշիյանին-խմբ․), բայց պիտի փաստենք՝ նա խոսում է շատ բաներից, բայց չի խոսում ամենամեծ սպառնալիքից․ պաշտոնական տվյալներով՝ 100 000 մարդ արտագաղթել է մեր երկրից։ 2 օր առաջ ասում է՝ պարզեցի, որ Սյունիքի 6 գյուղում 250 ընտանիք կա։ Գոնե այն ժամանակ 250 ընտանիք կար, հիմա նրանք էլ են գնալու։ Ի՞նչ եք անում, հայաթափո՞ւմ եք։ Վերջում Երևանն է մնալու, ինքն էլ կանգնելու, ասելու է՝ բա հլը ասֆալտի որակը նայեք․․․», - ասաց Վանեցյանը։