25/11/2021 14:59
Ամեն ինչ անելու եմ, որ իշխանությանը հեռացնելու վճիռը կայացվի երկրի ներսում, ոչ թե դրսում․ Արթուր Վանեցյան
Իշխանությունը հոգևարքի մեջ է, չի կարողանալու մնալ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Քննարկվող կարճ ժամկետներում գործող իշխանությանը հեռացնելը, ըստ Արթուր Վանեցյանի, մեծապես կախված է ընդդիմության և հասարակական-քաղաքական ուժերի պայքարին հանրության աջակցությունից, իշխանությանը հեռանալու հստակ պահանջ ներկայացնելուց։
«Հասարակական-քաղաքական գործիչների կողմից փողոցում շարժում է սկսվել։ Ինձ շատ ուրախացնում է, որ այն թափ է հավաքում, և ես ուզում եմ կոչ անել բոլորին՝ անպայման մասնակցել այդ շարժմանը։ Բայց նաև այդ շարժման կազմակերպիչներին ուզում եմ խնդրել, որպեսզի նրանք հստակ պահանջներ ներկայացնեն», - նշեց Արթուր Վանեցյանը։
Նա հստակեցրեց՝ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը հրապարակելու պահանջին Փաշինյանն իրեն հատուկ մանիպուլյատիվ ձևով է պատասխանում և պատասխանելու:
«Կարող է ասել, որ ոչ մի թուղթ չկա, հետո կարող է փոխել խոսքը, ապա՝ հրաժարվել իր նախորդ հայտարարություններից, ասել նոր բան, և այդ մոլորեցնող դիսկուրսում նրան ոչ ոք չի գերազանցի։ Փաստաթուղթն, այո, շատ կարևոր է, բայց նա ասելու է՝ որևէ փաստաթուղթ չկա այն դեպքում, երբ արդեն ասել է, որ իր համար ընդունելի է ՌԴ ՊՆ ԳՇ-ի առաջարկած փաստաթուղթը։ Պետք է մեկ պահանջ լինի՝ թող, գնա։ Թող, գնա՝ երկիրը փրկվի», - շեշտեց Վանեցյանը։
Հարցին, թե Փաշինյանի հեռանալու վերջնական վճիռը երկրի ներսո՞ւմ, թե՞ դրսում է կայացվելու, Արթուր Վանեցյանը պատասխանեց․
«Ես ամեն ինչ անելու եմ, որ որոշվի ներսում։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան երկիր է և Հայաստանի Հանրապետությունն ունի անկախություն, որը բացարձակ արժեք է բոլորիս համար»։