26/11/2021 16:35
Ադրբեջանը, կարծես, ասում է՝ «խելոք մնաք, գերիներ կվերադարձնեմ, խելոք չմնաք, գերի կվերցնեմ». Քաղտեխնոլոգ
Ադրբեջանը երբեք նպատակ չի ունեցել Հայաստանի նկատմամբ բարեգործությամբ զբաղվել, և միանշանակ է, որ երկու հայ ռազմագերու վերադարձնելով՝ ամենևին էլ բարի կամք չի դրսևորում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Պարզապես հակառակորդն ունի քաղաքական շահեր, որոնցով էլ առաջնորդվում է։ Այսօր Հայաստան է ուղարկել երկու ռազմագերու, և դա կարելի է համարել նրա կողմից քաղաքական շահ հետապնդող գործողություն։
Հակառակորդը, կարծես, ասում է՝ «եթե խելոք մնաք, գերիներ կվերադարձնեմ, խելոք չմնաք՝ գերի կվերցնեմ»։ Այս իրավիճակը նմանվում է նրան, որ երբ շունն իրեն լավ է պահում, լսում է «նստի՛ր» հրահանգը, համեղ ուտելիք ես տալիս, եթե ոչ՝ փակում ես վանդակում։ Մոտավորապես այս գործողությունն է», - նշեց Արեմն Բադալյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել երկու ռազմագերու։ Նրանցից մեկը 1993 թվականին ծնված զինծառայող Արին Արամյանն է։
Հայաստան տեղափոխված երկրորդ քաղաքացին 2000 թվականին ծնված Միհրան Մուսայելյանն է, նա նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։