26/11/2021 14:22
Անընդհատ խոսելով խաղաղության մասին՝ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)
Այս իշխանությունը մեր ժողովրդի համար խորթ, թշնամի իշխանություն է, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Այս իշանությունը Հայաստանի համար որևէ օգտակար բան անել չի կարող։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններն անընդհատ մեծանում են։ Տեսնում են, որ դիմացը պետության կամք և ուժ չունեցող ղեկավարություն է կանգնած, իրենք անընդհատ շարունակելու են», - ասաց Մանուկյանը։
Նա նշեց, թե այս իրավիճակը, որը տիրում է Հարավային Կովկասում և ՀՀ սահմաններին, կայուն չէ.
«Ուշ թե շուտ դա բերելու է պատերազմի։ Անընդհատ խոսելով խաղաղության մասին` Նիկոլ Փաշիանյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի»։
Այն, ինչ կատարվում է երկրում, Մանուկյանի խոսքով, ճակատագրական է, և Հայաստանը հազարամյակների ընթացքում այսպիսի խայտառակ վիճակում չի եղել։
Անդրադառնալով Սոչիում այսօր կայանալիք եռակողմ հանդիպմանը` նա ասաց, թե հույսեր չի կապում այդ հանդիպման հետ և չի կարծում, որ ինչ-որ լուրջ բան կորոշվի։
«Նույնիսկ չեմ կարծում, որ ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի», - ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա ուղղակի անիմաստ համարեց խոսել դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին.
«Գտնված է թշնամի, որն ասում է, թե Երևանն էլ է ուզում վերցնել, ու իր հետ դու խոսում ես սահմանների մասին։ Հիմա դա կեղծ խնդիր է»։