26/11/2021 15:13
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել է, որ պետական հեղաշրջման փորձ է կանխել
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարել է, որ պետական հեղաշրջման փորձ է կանխել։
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին», Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ կոմիտեի և ՆԳՆ կողմից առաջիկա խորհրդարանական ընտրությունների անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքի արդյունքում տվյալներ են ստացվել, որ մի խումբ անձինք պլանավորել են անմիջապես ընտրություններից հետո սադրանքներ կազմակերպել՝ երկրի հասարակական-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու համար, ինչին պետք է հաջորդեր իշխանության բռնազավթումը։
Նրա խոսքով՝ այդ խմբի ղեկավարները խորհրդարանի պատգամավորներ են և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պլանավորել են Բիշքեկում բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել և ակնկալել են ընտրություններում պարտված քաղաքական ուժերի աջակցությունը:
«Այդ նպատակով խումբը ներգրավել է մոտ 1 000 ագրեսիվ տրամադրված երիտասարդի: Պարբերաբար հանդիպումներ են անցկացվել, նրանց տրամադրել են պետական կառույցների դեմ, քննարկվել են զանգվածային անկարգություններ իրականացնելու ծրագրեր՝ հետագայում իշխանության բռնի զավթման նպատակադրմամբ», - հայտարարել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Խմբի ակտիվ մասնակիցների բնակարաններում և գրասենյակներում խուզարկություն է անցկացվել, հատուկ ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել են փաստաթղթեր՝ «հաստատող հանցագործության նախապատրաստումը, ինչպես նաև հրազեն, զինամթերք և թմրանյութեր»: Ձերբակալվել են խմբի առավել ակտիվ 15 անդամները:
Ղրղզստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2020 թվականի հոկտեմբերին։ Դրանից հետո երկրում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, և ԿԸՀ չեղյալ է համարել քվեարկության արդյունքները, իսկ նախագահ Սորոնբայ Ժէէնբեկովը հրաժարական է ներկայացրել։ Խորհրդարանական նոր ընտրությունները նշանակված են նոյեմբերի 28-ին։