26/11/2021 14:53
Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ֆոնին Ադրբեջանի կողմից երկու հայ ռազմագերու վերադարձը չի կարելի բարի կամքի դրսևորում դիտարկել. Քաղաքագետ
Այսօր Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ֆոնին Ադրբեջանի կողմից երկու հայ ռազմագերու վերադարձը չի կարելի սիմվոլիկա կամ բարի կամքի դրսևորում դիտարկել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Անկախ նրանից՝ որքան անգնահատելի արժեք ունեն մեզ համար մեր տղաները, սակայն հայկական կողմը նրանց վերադարձը չպետք է դիտարկի և ընդունի որպես հակառակորդի կողմից սիրաշահում։ Եթե իշխանությունները ռազմագերիների վերադարձն այդպես են ընկալում, ուրեմն մենք շատ ավելի լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ ենք, քան կարծում ենք», - նշեց քաղաքագետը։
Սուրեն Պետրոսյանը շեշտեց՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի գործընթացում սիմվոլիկա կտեսներ այն ժամանակ, երբ հակառակորդը վերադարձներ բոլոր տղաներին՝ առանց բացառության։
«Եթե նույնիսկ Ադրբեջանը բոլորի ռազմագերիներին վերադարձներ, հնարավոր է՝ մենք այդ ժամանակ բարի կամքի դրսևորում տեսնեինք, բայց ոչ երբեք՝ պետական կամ հանրային շահի սպասարկում, որովհետև, եթե ՀՀ իշխանությունները որոշ կետեր ամրագրեն փաստաթղթով, մեր կորցրածը հետագայում վերականգնելու համար պետք են լինելու հազարապատիկ ավելի զոհեր», - նշեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել երկու ռազմագերու։ Նրանցից մեկը 1993 թվականին ծնված զինծառայող Արին Արամյանն է։
Հայաստան տեղափոխված երկրորդ քաղաքացին 2000 թվականին ծնված Միհրան Մուսայելյանն է, նա նոյեմբերի 23-ին մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։