27/11/2021 15:51
«Pegasus»-ի ստեղծողները պնդում են՝ իրենք տեխնոլոգիան տվողն են, պատվիրատուն է կիրառում այն
Իսրայելական NSO Group-ը, որը մշակել է սարքավորումների կոտրման և գաղտնալսման «Pegasus» ծրագրային ապահովումը, հայտնում է, որ կազմակերպությունը միայն տրամադրում է տեխնոլոգիան, իսկ դրա գործարկումն ու տվյալների հավաքումն իրականացվում է պատվիրատուի կողմից, այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ընկերությունը։
«NSO Group-ը ծրագրային ապահովման մատակարար է։ Մենք չենք օգտագործում տեխնոլոգիան և չունենք մեր հաճախորդների կողմից հավաքված տվյալներին հասանելիություն», - նշվում է հարցման պատասխանի մեջ, որն ստորագրված է կազմակերպության ներկայացուցիչ Լիրոն Բրուքի անունով։
Ի պատասխան «Հետք»-ի այն հարցի, թե արդյոք ՀՀ պետական որևէ մարմին հանդիսանո՞ւմ է իսրայելական ընկերության հաճախորդ և եթե այո, ապա, ո՞ր մարմինն է դա և երբվանի՞ց է օգտվում ընկերության ծառայությունից, «Pegasus»-ի ստեղծողները հրաժարվել են տրամադրել այդ տեղեկատվությունը։
«Պայմանավորված պայմանագրային և ազգային անվտանգության նկատառումներով՝ NSO-ն չի կարող հաստատել կամ ժխտել մեր ներկա կամ նախկին պետական պատվիրատուների ինքնությունը», - հայտնել է ընկերությունը։