27/11/2021 14:43
Ինչպե՞ս պետք է դեմարկացիա անցկացնես, երբ թշնամին ավտոմատը միշտ պահում է քո քունքին և ոչ միայն պահում է, այլև կրակում է․ Ոսկանյան
Երբ խոսում ենք սահմանանշման, սահմանազատման գործընթացի մասին, արդյոք դա է մեր պետության այսօրվա օրակարգը։ Մեր պետության այսօրվա օրակարգը, կարծում եմ, պետք է լինի ՀՀ անվտանգային բոլոր համակարգերի վերականգնումը և արդիականացումը։ Ինչպե՞ս պետք է դեմարկացիա անցկացնես այն պայմաններում, երբ թշնամին ավտոմատը միշտ պահում է քո քունքին և ոչ միայն պահում է, այլև կրակում է այդ ավտոմատից, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Ոսկանյանը շեշտել է նաև՝ սահմանազատում և սահմանագծում անցկացնել, առանց արցախյան հիմնախնդրի կարգավորման, նշանակում է վտանգել թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ապագան։
«ՀՀ և Ադրբեջանի միջև նման գործընթաց սկսելն, առանց արցախյան խնդրի կարգավորման, ըստ էության, անհնարին է, որովհետև դա ուղղակիորեն է առնչվում արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, ուղղակիորեն առնչվում է Արցախի Հանրապետության ազգաբնակչության անվտանգությանը․ իրավական խնդիրները դեռ մի կողմ թողնենք։ Մյուս կողմից դա առնչվում է ՀՀ հեռանկարին, ապագային», - ասել է նա։
Վարդան Ոսկանյանը մանրամասնել է՝ փաստաթղթային որևէ ձևաչափով ամրագրելը այն խոցելի իրավիճակը, որում այսօր Հայաստանն է՝ իր սահմաններով, պարզապես նշանակում է ապագա սերունդներին զրկել պետությունը հզորացնելու հնարավորությունից։