27/11/2021 16:16
Պուտինը հայկական և ադրբեջանական կողմերին հասկացնել տվեց, որ Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ չեն կարող նոր թեզեր առաջանալ. Քաղաքագետ
ՌԴ նախագահ Պուտինը երեկ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ խորքային առումով ևս մեկ անգամ շեշտեց, որ բոլոր գործընթացները տեղի են ունենում իր միջնորդությամբ և վերահսկողությամբ, և ռուսական գծից շեղում չի լինելու, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։
«Ռուսաստանի նախագահը հայկական և ադրբեջանական կողմերին հասկացնել տվեց, որ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք հանդիպման ժամանակ չեն կարող նոր թեզեր առաջանալ», - ասաց քաղաքագետը։
Արթուր Ղազարյանը նկատեց՝ երեկ երեք ղեկավարների մասնակցությամբ մամուլի ասուլիսից կարելի է հստակ հետևություններ անել՝ որ կողմն է շահեկան, որ կողմը՝ ոչ շահեկան դիրքում։
«Պարզից էլ պարզ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանը նյարդային, լարված վիճակում էր, իսկ դա նշանակում է, որ հայկական կողմի գործերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն։ Նիկոլ Փաշինյանն այնքան լարված էր, որ կրկին անդրադարձավ իր և իր կառավարության՝ ժողովրդի կողմից վստահության մանդատ ստանալուն։ Սա ոչինչ չասող միտք էր։ Մանդատի մասին խոսելուց առաջ նա պետք է գիտակցի, որ այն ստացել է խաղաղության, անվտանգության համար, որոնք այսօր չկան։
Նման հանդիպմանը, երբ կան առավել կարևոր հարցեր՝ ՀՀ սուբյեկտայնություն, երեկվա հանդիպումից ընդամենը 10 օր առաջ տեղի ունեցած լոկալ պատերազմ և այլն, պետք էր դրանց մասին խոսել և բավականին կոշտ», - նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Արցախում խաղաղսիրական առաքելության համար Պուտինին շնորհակալություն պետք է հայտներ ոչ թե Ալիևը, այլ Փաշինյանը, քանի որ այդ գործողությունը առաջին հերթին հայկական կողմի շահերից է բխում։