27/11/2021 15:10
Պետք է պետությունը փրկել պատուհասներից. Կամո Աթայան
Ադրբեջանի գործիքի միջոցով Թուրքիան 1915 թվականից հետո հայերի ցեղասպանության վեկտորը տեղափոխեց այսրկովկաս, որտեղ ապրում էին միլիոնավոր հայեր:
Դա իրոք այդպես է: Բավական է ընդհանրական հետադարձ հայացք ձգել ընդամենը վերջին 100-110 տարիների վրա ու բավականին ակնառու կերպով կերևա Թուրքիայի՝ խնամքով քողարկված, հաճախ էլ բաց ձևով մասնակցությունը 20-րդ դարասկզբի Բաքվի, Շուշիի,Գանձակի, այնուհետև դարավերջին` Սումգայիթի, կրկին Բաքվի ու Կիրովաբադի հայտնի ջարդերի ու հայերի մասսայական դեպորտացիային, այն հողից, որը, որպես բնիկներ, հայերը շենացնում էին դարեր շարունակ:
Երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, արցախյան շարժումը նոր թափ հավաքեց`վերափոխվելով ազգային-ազատագրական շարժման, որի շնորհիվ բռունցքված հայ ժողովուրդը նշանակալի հաջողություններ ունեցավ` մասնավորապես ազատագրելով ու 12,5 հազար քառ.կմ տարածքի վրա հռչակելով երկրորդ հայկական պետությունը` Արցախի Հանրապետությունը...
Սակայն մսխելով հայ ժողովրդի բացառիկ միասնության էներգիան, ցաքուցրիվ անելով կուտակված հզոր ներուժը` երկու հայկական պետություններն աստիճանաբար թուլանում էին, ու այդպիսի իրավիճակում, ազգային համերաշխության բացակայության պայմաններում, 2018-ին հեղափոխության անվան տակ իշխանության եկավ տգետ-թուլամորթների և ապազգայինների մի շինծու խմբակ, որը պատմական կարճ ժամանակահատվածում անասելի` տիեզերական մասշտաբի հակահայ գործունեությամբ առոչինչ դարձրեց հայ ժողովրդի 30 տավա ընթացքում ունեցած բոլոր ձեռքբերումները, ստացավ մեծ պատերազմ` թուրք-ադրբեջանական բացահայտ միասնական ու հրապարակային գործող ուժերից, պարտվեց այդ պատերազմում` կորցնելով հսկայական տարածքներ, տալով մարդկային մեծաթիվ զոհեր, թշնամուն բերեց ու նստեցրեց ՀՀ-ի սուվերեն սահմանների վրա ու հայ ժողովրդի գլխին, ի դեմս յաթաղան բայրաքթարների, կախեց նոր ցեղասպանության վտանգը և նվաստաուցիչ պայմաններում` անկյուն քաշվածի կարգավիճակում սկսեց «խաղաղության դարաշրջան» կեղծ կոչով խաղաղություն մուրալ թուրք-ադրբեջանական վարպետացած ցեղասպաններից...
Եթե այսօր կլինի գեթ մի հայ, ով կարող է հավատալ թուրքի խոստումներին, նրանց մասնակցությամբ պայմանավորվածություններին, ուրեմն նա ամենավերջին տգետը կամ դավաճանն է…
Թուրքը միայն մի բանից` իր դիմացինի ուժից և հզորությունից է վախենում, որն, ի դեպ, մոտ 30 տարի մենք ցուցադրում էինք. մնացածը պարզունակ լոլոներ են…
Ոնց էլ վերլուծես, դժբախտաբար, սա է խտացված ու դառն իրականությունը, որի հետ ոչ թե պետք է համակերպվել, այլ`հզոր հայկական միասնականությամբ նախ պետությունը փրկել պատուհասներից, ապա նորեն ամեն ինչ վերսկսելով`կրկին փորձել գործոն դառնալ տարածաշրջանում...