27/11/2021 17:30
Հայկական կողմին ձեռնտու էր, որ երեկ Սոչիում որևէ փաստաթուղթ չստորագրվեց. Քաղաքագետ
Հայկական կողմի համար ձեռնտու էր, որ երեկ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթուղթ չստորագրվեց, և կողմերը սահմանափակվեցին դեկլարատիիվ բնույթ կրող, առաջիկա որոշ գործընթացներ նախանշող հայտարարությամբ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը։
Նրա խոսքով` եղան ընդհանուր ձևակերպումներ, ինչից որևէ կողմ ոչ շահեց, ոչ պարտվեց:
«Հայաստանի համար նպատակահարմար չէր ստորագրել փաստաթուղթ, որովհետև առջևում կա նաև բրյուսելյան հանդիպում։ Եթե երեկ Սոչիում հստակ փաստաթուղթ ստորագրվեր, դրանով բրյուսելյան հանդիպումը կարժեզրկվեր։ Կարծում եմ, որ Հայաստանը պետք է հետևություններ անի միայն երկու հանդիպումներից հետո, երբ կունենանք առավել ամբողջական պատկեր և մեզ համար կպարզենք ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Արևմուտքի մոտեցումները։ Սա մեզ ավելի ճկուն լինելու հնարավորություն կտա»,- նշեց քաղաքագետը։
Էմիլ Օրդուխանյանի համոզմամբ՝ Սոչիում կայացած հանդիպումը Հայաստանն օգտագործեց որպես հնարավորություն՝ բարձրաձայնելու նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մատնանշված, սակայն մինչև այժմ չլուծված խնդիրները։
«Ի տարբերություն Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթների, որոնք գնահատողական էին, հայկական կողմի խոսույթն առանցքայնորեն տարբերվեց և բարձրաձայնվեցին խնդիրներ, որոնք լուծված չեն։ Կարծում եմ՝ մինչև բրյուսելյան հանդիպումը կարողացանք միջազգային հանրությանը ներկայացնել դեռևս առկա խնդիրները»,- ասաց քաղաքագետը: