29/11/2021 12:44
5165 և «Ազատագրական» շարժումները չեն պառակտվել. 5165-ը փողոցային պայքարն այս պահին տեղափոխում է քաղաքական կոնսուլտացիաների հուն (Տեսանյութ)
5165 շարժումը շարունակում է հիմնավոր կասկածներ ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում բանակցել ՀՀ համար շահեկան փաստաթղթի շուրջ և կայացնում է միանձնյա որոշումներ։ Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ Պուտին-Ալիև-Փաշինյան հայտարարության ստորագրությունը ավելի է խորացրել 5165 շարժման մտահոգությունները, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց շարժման հիմնադիր անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նա ներկայացրեց 5165 շարժման հայտարարությունը, որում ընդգծվում է՝ Փաշինյանը Սոչիում ստորագրել է մի փաստաթղթի ներքո, որի առնչությամբ ՌԴ նախագահն ասել է, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինեն սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները։
Շարժման պահանջն էր, որպեսզի Փաշինյանը հանրայնացնի հենց այդ մեխանիզմները, մինչդեռ նոյեմբերի 23-ին նա հայտարարում էր, որ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը խոսքն ընդամենը սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու մասին է լինելու։
«Ազգային կարևորագույն հարցերի շուրջ որոշումներ կայացնելիս իշխանության մյուս թևերին մասնակից չդարձնելը, ազգային անվտանգության հարցերում որոշումների ընդունումը մենաշնորհելը հակաիրավական է, հակասահմանադրական, հակաժողովրդական, հակազգային ու կործանարար։ Այս գործելակերպը վերջնականապես խախտում է Հայաստանում առանց այն էլ խարխուլ պառլամենտարիզմը, անդառնալի հարված հասցնում սահմանադրականությանը, քանի որ իշխանության մյուս թևերը չեն իրականացնում վերահսկման ու հավասարակշռման իրենց գործառույթները», - նշվում է 5165 շարժման հայտարարության մեջ։
Մենուա Սողոմոնյանը հայտնեց նաև՝ 5165 շարժումը վերահաստատում է ՀՀ անվտագությանը, տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքները և արցախյան հիմնախնդրի հարցում հակահայկական քայլերի շարունակականությունը կանխելու նպատակով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի իրենց պահանջը, այդ նպատակով նախաձեռնելու է հանդիպումներ և կոնսուլտացիաներ Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ուժերի հետ, հասարակական բոլոր միավորումների և հանրային ճանաչում ունեցող բոլոր անհատների հետ, ովքեր կիսում են հնչած մտահոգություններն ու համաձայն են այս պահանջին՝ անկախ քաղաքական հայացքներից, միմյանց նկատմամբ համակրանքից ու հակակրանքից։ Հանդիպումներ են կազմակերպվելու նաև մարզերում՝ հասարակական կառույցների, ժողովրդի հետ։ Գործընթացի օրակարգը կառավարության հրաժարականն է և ազգային համերաշխության ձևավորումը։
«5165 շարժման փողոցային պայքարն այս պահին քաղաքական կոնսուլտացիաների հուն տեղափոխելու և հետագայում ավելի մեծ թափով վերսկսելու որոշումը պայմանավորված է նաև հետևյալով․ «Զարթոնք» կուսակցության, հասարակական քաղաքական գործիչներ Սոֆյա Հովսեփյանի, Նաիրի Հոխիկյանի, Վազգեն Պետրոսյանի և այլոց կողմից նախաձեռնած «Ազատագրական շարժման» հետ համատեղ մեր քայլերը պայմանավորված էին քաղաքական դաշտն ու հանրությանը համախմբելու հրամայականով։ Մի քանի օր տևած հանրահավաքների ժամանակ համոզվել ենք, որ համախմբումն այլընտրանք չունի՝ հայոց պետականության գահավիժումը թույլ չտալու համար։ Բայցևայնպես, գործող իշխանություների հեռացմանը հասնելու համար անհրաժեշտ է ավելի ընդգրկուն համախմբում։ Վստահ ենք, որ վերկուսակցական այս գործընթացի հաջողությունը այս իրավիճակից դուրս gալու միակ ճանապարհն է», - 5165 շարժման հայտարարության եզրափակիչ դրույթը ներկայացրեց Մենուա Սողոմոնյանը։
Շարժման ղեկավար Կարին Տոնոյանը հստակեցրեց այս դրույթը՝ շեշտելով, որ պառակտում կամ որևէ խնդիր 5165 շարժման և «Ազատագրական շարժման» նախաձեռնողների միջև չկա, պարզապես 5165 շարժումը համախմբման վերը նշված տարբերակն է ընտրել, իսկ «Ազտագրական շարժումը» ցանկանում է պահպանել հրապարակում պայքարի ձևաչափը։
«Մենք իրար հետ որևէ խնդիր չենք ունեցել այս ընթացքում, և ինձ շատ զարմացնում է հանրության և լրագրողական դաշտի մոտեցումը։ Թվում է, թե շատ են ուզում, որ մենք պառակտվենք։ Մենք չենք պառակտվել։ Եթե մենք գնում ենք բոլորի հետ համախմբման, ապա ինչպե՞ս կարող ենք պառակտվել մարդկանց հետ, որոնց հետ մեկ շաբաթ ճանապարհ ենք անցել, համագործակցել ենք», - նշեց Տոնոյանը։
Նա հավելեց՝ 5165 շարժումը վերջին մեկ շաբաթվա ընթացքում խորապես համոզվել է, որ մինչև համազգային համախմբում չլինի, Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջի իրագործմանը հասնել հնարավոր չի լինի։