29/11/2021 19:40
Ալիևն Էրդողանին ներկայացրել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն պատմել է Սոչիում կայացած եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման «դրական արդյունքների» մասին, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ալիևը պատմել է, որ այդ հանդիպումը շատ արդյունավետ է եղել։ Այնտեղ որոշվել է Արաքս գետի երկայնքով անցնող երկաթուղու և ավտոմոբիլային մայրուղու հարցը։ Բացի այդ, կա նաև մինչև Իգդիր հասնող մայրուղու թեման. դա Նախիջևանի խնդրի լուծման, ինչպես նաև Հայաստանով անցնելու հաջող քայլ կլինի. և՛ մարդիկ կարող են անցնել, և՛ բեռներ կարելի է փոխադրել»,- Թուրքմենստանից վերադառնալիս, ինքնաթիռում ասել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ թուրք լրագրողների հետ զրույցում ։
Նա հիշեցրել է Թուրքիայի առաջարկի մասին՝ 3+3 ձևաչափով բանակցել Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ ։
«Մենք ավելի վաղ առաջարկել ենք ստեղծել «6-ի ձևաչափը»․ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Իրան ու, եթե ստացվի, Վրաստան։ Եթե այդ ձևաչափը կայանա, ապա այն կարևոր խթան կդառնա տարածաշրջանի խաղաղության ու հանգստության համար»,-հավելել է Էրդողանը։