29/11/2021 19:03
Արմեն Սարգսյանը ևս մեծ պատասխանատվություն ունի այն ամենում, ինչը մեզ հետ կատարվում է․ Արա Զոհրաբյան
Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Ազատագրական շարժման» բողոքի ակցիան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահանջով։
Միջոցառման սկզբում «Զարթոնք» կուսակցության համահիմնադիր, «Ազատագրական շարժման» նախաձեռնողներից Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «5165 շարժման» և իրենց միջև պառակտում չկա, պարզապես այս պահից «5165 շարժումն» իր ապակենտրոն գործողություններն է իրականացնելու, իսկ «Ազատագրական շարժումն» իրականացնելու է իր ծրագիրը։
«Նպատակը նույնն է։ Մենք պահանջել ենք Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրանք պահանջել են կառավարության հրաժարականը։ Նույնաբովանդակ պահանջներ են, այդ ծրագիրն իրականացնելու համար տարբեր գործողություններ ու քայլեր պետք է իրականացնենք»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Նա շեշտեց՝ Հայաստանի շուրջ առկա անվտանգային լրջագույն սպառնալիքների պայմաններում երկու շարժումների պայքարի ձևաչափն ամենակարևոր հարցը չէ․ ամենակարևորը երկրի առջև ստեղծված խնդիրները լուծելն է։
«Մենք այսօր կներկայացնենք մեր մոտեցումները, մեր ծրագիրը։ «Ազատագրական շարժումը» հստակ հրապարակել է իր նպատակները՝ թույլ չտալ հակահայկական՝ սահմանազատման և սահմանագծման ծրագիրը, միջանցք չտրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծը։ Մենք Սոչիի հանդիպման արդյունքներով էլ տեսանք, որ հայկական շահը չի պաշտպանվում, և մեր նպատակներին հասնելու համար ձևակերպեցինք ևս երկու պահանջ՝ Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի հրաժարական։ Իհարկե, Արմեն Սարգսյանի հրաժարականի պահանջը շատ մարդկանց տրամադրվածություն կարող է փոխել կամ չփոխել, բայց մենք կարծում ենք, որ այդ սուբյեկտը ևս մեծ պատասխանատվություն ունի այն ամենի հետ, ինչը մեզ հետ կատարվում է»,- նշեց Արա Զոհրաբյանը։