29/11/2021 20:34
Քարահունջի ղեկավարը զղջում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ կեղծ ցուցմունք տալու համար
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, շարունակվում է Առուշ Առուշանյանի գործով նիստը։ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը դատական նիստի ընթացքում հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից՝ նշելով, որ զղջում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ կեղծ ցուցմունք տալու համար։
«Եթե այս հսկայածավալ հատորների մեջ միակ ապացույցը, որն օգտագործվում էր Առուշանյանի դեմ՝ որպես նրա «մեղքը» հիմնավորող ապացույց և առ այս պահը ասվում էր, որ դա Ավետյանի ցուցմունքն է, բայց բոլորի աչքի առաջ այդ կեղծիքի փուչիկը պայթեց, տակը ի՞նչ է մնում, ոչինչ։ Տակը մնում է, որ մարդիկ պիտի լինեն, որ պատասխան տան։ 5 ամիս է՝ Առուշ Առուշանյանը կալանքի տակ է այս ցուցմունքի հիման վրա։ Ո՞վ է պատասխան տալու սրա համար», - լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Նա նշեց՝ Ավետյանը դեռ շատ ավելի վաղ, առերեսման ժամանակ էլ էր նույնն ասել, բայց ոչ ոք գնահատական չէր տվել դրան․ անուղղակիորեն խոստովանել էր, որ Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել՝ կալանավայրից օր առաջ դուրս գալու համար։
Արմեն Մելքոնյանի խոսքով՝ ինչպես Առուշ Առուշանյանի, այնպես էլ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Սողոմոնյանի գործերով դատավարությունները պետք է արագ ավարտվեն, արհեստական ձգձգումները տեղին չեն։
«Պետք է արագ-արագ դնեն դատական նիստեր, որպեսզի ճշմարտությունն ի հայտ գա։ Ժամ առաջ այս մարդիկ պետք է հայտնվեն ազատության մեջ։ Սարի գլխին թուրքը նստած է, այս ժողովուրդն էլ ընտրել է իր քաղաքապետին։ Ի՞նչ է նշանակում, որ Առուշ Առուշանյանը ՔԿՀ-ից հրաման կամ կարգադրություն է ստորագրում։ Սա ի՞նչ է, ի՞նչ խնդիր ենք լուծում, ու՞մ ջրաղացին ենք ջուր լցնում։ Սրանից Հայաստանի Հանրապետությունը շահու՞մ է», - ընդգծեց Մելքոնյանը։