29/11/2021 14:51
ԱՄՆ կառավարությունը ոչ մի ձևով չպետք է օժանդակի Ադրբեջանին․ Էլիզաբեթ Չուլջյան
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքները բազմազան են, հանձնախումբը սերտորեն աշխատել է ԱՄՆ սենատորներին հետ, որ կրճատվի ամերիկյան օժանդակությունը Ադրբեջանին, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:
«Նկատի ունենալով Ադրբեջանի հարձակողական դիրքը, 2020 թվականի պատերազմը, նկատի ունենալով, որ այդ պատերազմը դեռ վերջացած չէ, ամերիկյան կառավարությունը ոչ մի ձևով չպետք է օժանդակություն ուղարկի Ադրբեջանին», - նշեց Չուլջյանը։
Դրանից բացի, Էլիզաբեթ Չուլջյանի խոսքով, աշխատանք է տարվում, որպեսզի ամերիկյան տեխնոլոգիաներով զինատեսակները 2020 թվականի պատերազմի օրինակով չօգտագործվեն խաղաղ բնակչության դեմ։
«Մենք տեսանք, որ Ադրբեջանի կողմից օգտագործվեցին թուրքական ԱԹՍ-ներ․ փաստորեն, նրանք օգտագործեցին ամերիկյան տեխնոլոգիա: Դրա դեմ պետք է պատժամիջոցներ լինեն, քանի որ օրենքներ կան, որոնք ասում են, որ ամերիկյան տեխնոլոգիաները չպետք է օգտագործվեն անմեղ քաղաքացիների դեմ», - ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակը։
Նա տեղեկացրեց նաև, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նպատակներից է Արցախին ուղղված օժանդակության ընդլայնումը։
«Մի քանի ամիս առաջ Ներկայացուցիչների պալատը 2,5 մլն դոլարի օժանդակություն նախատեսեց Արցախի համար, ինչը բավարար չէ՝ մանավանդ հաշվի առնելով հարյուր հազարավոր անտուն հայերին, որոնք ստիպված եղան իրենց տները թողնել», - նշեց Չուլջյանը:
«ԱՄՆ–ի պատգամը հստակ պետք է լինի, որ չեն զորակցում Ադրբեջանի հարձակողական քայլերին: Այսօր այդ պայքարի մի փուլն է», - ընդգծեց նա: