29/11/2021 13:35
Մի հետապնդում, որտեղ իրավական գործընթաց չկա, երբ ամեն ինչ արվում է շատ արհեստական, չենք կարող դա գնահատել որպես իրավական. Առուշանյանի փաստաբան
Այժմ Առուշ Առուշանյանի գործով դատաքննության փուլն է․ նախորդ դատական նիստին մենք սպառեցինք այդ փուլում միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունը, այսօր անցնելու ենք բուն դատաքննությանը, Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ առաջին քայլով պետք է որոշվի ապացույցների հետազոտման հաջորդականության կարգը։ Ապացույցների հետազոտումից հետո պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացնելու, որը Էրիկ Ալեքսանյանը նիստից առաջ չցանկացավ մանրամասնել։
Փաստաբանը նշեց նաև՝ նախորդ դատական նիստին կայացված որոշումները պաշտպանական կողմին չգոհացրին․ համոզմունքը, որ կարող են լինել ճնշումներ, շարունակում է մնալ։
«Այդուհանդերձ, պաշտպանական կողմը չի հանձնվում, մինչև վերջ պայքարելու ենք: Մեզ համար խափանման միջոցի փոփոխման հարցը արդիական է, այդ հարցը բարձրացնելու ենք և հույս ունենք, որ շատ շուտով Առուշ Առուշանյանը կլինի ազատության մեջ», - ընդգծեց Ալեքսանյանը:
Նա նաև նշեց՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչու են մեկուսացրել Սյունիքի համայնքապետերին։
«Նրանք կարող են խոչընդոտ հանդիսանալ որոշ հարցերի, որոնք լուծում է այսօր գործադիր իշխանությունը: Նույն իրավիճակը տեսանք Արթուր Սարգսյանի հետ կապված: Նման պայմաններում, եթե սա չէ քաղաքական հետապնդումը, ապա էլ ո՞րն է։ Մի հետապնդում, որտեղ իրավական գործընթաց չկա, երբ ամեն ինչ արվում է շատ ակնհայտ ու շատ արհեստական, մենք չենք կարող այդ գործընթացը գնահատել որպես իրավական: Սյունիքի բոլոր համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։